Եկամտային հարկի վերադարձը հիփոթեքի դեպքում Հայաստանում. գործնական ուղեցույց 2026 թվականի համար
2026 թվականի սեպտեմբերի 7
01Ներածություն․ ո՞ւմ համար է նախատեսված այս ուղեցույցը
Այս ուղեցույցը նախատեսված է նրանց համար, ովքեր որոշել են հիփոթեքով բնակարան, տուն կամ առանձնատուն ձեռք բերել Հայաստանում և ցանկանում են հասկանալ՝ արդյոք կարող են օգտվել եկամտային հարկի վերադարձից: Ու՞մ է հասանելի ծրագիրը, ո՞ր անշարժ գույքն է համապատասխանում դրա պայմաններին, ո՞րքան գումար կարելի է վերադարձնել և ի՞նչպես ինքնուրույն անցկացնել ամբողջ գործընթացը։
Ուղեցույցը օգտակար կլինի Հայաստանում պաշտոնապես աշխատող բոլոր անձանց համար՝ անկախ քաղաքացիությունից։
Մեկ տեղում հավաքել ենք ծրագրի հիմնական կանոնները, մարզային սահմանափակումները, վերադարձի գումարի հաշվարկման և փաստաթղթերի ներկայացման կարգը, որպեսզի կարողանաք հասկանալ՝ ինչպես է գործում եկամտային հարկի վերադարձը և ինչին է պետք ուշադրություն դարձնել անշարժ գույք ձեռք բերելիս։
Ավաղ, մեկ ուղեցույցում հնարավոր չէ անդրադառնալ բոլոր իրավիճակներին, ուստի այստեղ ներկայացրել ենք հիմնական կանոններն ու ամենատարածված հարցերի պատասխանները։
Եթե ուղեցույցը կարդալուց հետո դեռ հարցեր առաջանան, կամ ցանկանաք գտնել ծրագրի պայմաններին համապատասխանող անշարժ գույք, կարող եք հայտ թողնել՝ անվճար խորհրդատվություն ստանալու համար։
Դիտել համապատասխան նորակառույցները
Դիտել նորակառույցները02Ծրագրի մասին՝ հակիրճ
Եթե պաշտոնապես աշխատում եք Հայաստանում և հիփոթեքով ձեռք եք բերում ծրագրի պայմաններին համապատասխանող անշարժ գույք, ապա կարող եք վերադարձնել Ձեր վճարած եկամտային հարկի մի մասը՝ այն ուղղելով հիփոթեքային վարկի տոկոսների մարմանը։
Ծրագիրը չի տարածվում բոլոր անշարժ գույքերի և բոլոր մարզերի վրա։ Դրա գործողությունն աստիճանաբար սահմանափակվում է․ Երևանում արդեն գործում են սահմանափակումներ, Երևանին հարակից մարզերում ծրագիրը կդադարեցվի 2027 թվականի հունվարից, իսկ մյուս մարզերում՝ 2029 թվականի հունվարից։
2026 թվականին հիփոթեքային վարկերի դեպքում վերադարձի առավելագույն չափը եռամսյակում կազմում է 750 000 դրամ կամ տարեկան՝ մինչև 3 մլն դրամ։ Սակայն, փաստացի վերադարձվող գումարը կախված է Ձեր վճարած եկամտային հարկի և հիփոթեքային վարկի տոկոսների չափից։ Ձեր վերադարձի չափը կարող եք հաշվարկել հաշվիչի միջոցով։
Ծրագրից կարող են օգտվել ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Եթե պաշտոնապես աշխատում եք Հայաստանում և այստեղ եկամտային հարկ եք վճարում, կարող եք օգտվել վերադարձից՝ ծրագրի մյուս պայմաններին համապատասխանելու դեպքում։
Ստանալ անվճար խորհրդատվություն և գտնել ծրագրին համապատասխանող անշարժ գույք
03Ի՞նչ է եկամտային հարկի վերադարձը
Հիփոթեքային վարկի դեպքում եկամտային հարկի վերադարձը պետական ծրագիր է, որը հնարավորություն է տալիս Ձեր վճարած եկամտային հարկի մի մասն ուղղել հիփոթեքային վարկի տոկոսների մարմանը։
Պարզ ասած՝ եթե պաշտոնապես աշխատում եք ՀՀ-ում և Ձեր աշխատավարձից եկամտային հարկ եք վճարում, ապա ծրագրի պայմաններին համապատասխանող անշարժ գույք հիփոթեքով ձեռք բերելու դեպքում կարող եք հետ ստանալ վճարված հարկի մի մասը։
Վերադարձը վերաբերում է միայն հիփոթեքային վարկի տոկոսներին և չի տարածվում վարկի մայր գումարի մարման վրա։ Թե ինչպես է հաշվարկվում վերադարձի գումարը, մանրամասն ներկայացրել ենք ստորև՝ «Ինչպե՞ս է հաշվարկվում վերադարձի գումարը» բաժնում։
Այս հնարավորությունը կարող է էապես նվազեցնել հիփոթեքի ընդհանուր ծախսերը, հատկապես վարկի առաջին տարիներին, երբ ամսական վճարի մեծ մասն ուղղվում է տոկոսների մարմանը։
04Ո՞վ կարող է օգտվել վերադարձից
Վերադարձից օգտվելու համար անհրաժեշտ է համապատասխանել ծրագրի հիմնական պայմաններին։
Դուք պաշտոնապես աշխատում եք Հայաստանում
Ծրագիրը նախատեսված է վարձու աշխատողների համար, ովքեր աշխատավարձից կամ դրան հավասարեցված վճարումներից եկամտային հարկ են վճարում։
Ֆրիլանսից, անհատ ձեռնարկատիրական գործունեությունից կամ իրավաբանական անձում (օրինակ՝ ՍՊԸ-ում) մասնակցությունից ստացված եկամուտը եկամտային հարկի վերադարձի իրավունք չի տալիս։
Քաղաքացիությունը նշանակություն չունի
Ծրագրից կարող են օգտվել ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։
Եթե այլ երկրի քաղաքացի եք, սակայն պաշտոնապես աշխատում եք Հայաստանում և այստեղ եկամտային հարկ եք վճարում, Դուք նույնպես կարող եք օգտվել ծրագրից՝ մյուս պահանջներին համապատասխանելու դեպքում։
Հիփոթեքը պետք է ձևակերպված լինի Հայաստանում
Վարկը պետք է տրամադրված լինի Հայաստանում լիցենզավորված բանկի կամ վարկային կազմակերպության կողմից և ձևակերպված լինի որպես հիփոթեքային վարկ։
Սպառողական վարկը չի համապատասխանում ծրագրի պայմաններին, նույնիսկ եթե այն օգտագործվել է անշարժ գույք ձեռք բերելու համար։
Անշարժ գույքը պետք է համապատասխանի ծրագրի պայմաններին
Ծրագրի պայմաններին համապատասխանում են բնակելի անշարժ գույքի որոշ տեսակներ, որոնք ձեռք են բերվում առաջնային շուկայից կամ կառուցվում են ծրագրով նախատեսված պայմաններին համապատասխան։
Երկրորդային շուկայում՝ նախորդ սեփականատիրոջից ձեռք բերված բնակարանը չի համապատասխանում այս արտոնության պայմաններին։
05Որտե՞ղ է գործում ծրագիրը, և ե՞րբ են ուժի մեջ մտնում սահմանափակումները
Եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը Հայաստանի տարբեր մարզերում աստիճանաբար սահմանափակվում է։
Երևան
Երևանում եկամտային հարկի վերադարձի ծրագիրն սկսել է աստիճանաբար դադարեցվել դեռ նախորդ տարիներին։
Այնուամենայնիվ, Երևանում դեռ հնարավոր է գտնել ծրագրի պայմաններին համապատասխանող անշարժ գույք։ Բացառություն են, մասնավորապես, այն դեպքերը, երբ գույքի շինարարության թույլտվությունը տրամադրելու մասին որոշումն ընդունվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։
Նման բնակելի համալիրների թիվն արդեն փոքր է, իսկ հասանելի բնակարանների քանակն աստիճանաբար նվազում է։
Երևանում ծրագրի պայմաններին համապատասխանող բնակելի համալիրները կարող եք տեսնել նորակառույցների էջում։
Երևանին հարակից մարզեր
Այս խմբում ներառված են՝
- Արագածոտնը,
- Արարատը,
- Արմավիրը,
- Կոտայքը։
2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի դեպքում այս մարզերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի համար եկամտային հարկի վերադարձից այլևս հնարավոր չի լինի օգտվել՝ բացառությամբ սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի։
Հատկապես մեծ ընտրություն կա Կոտայքի մարզում՝ Քասախում, Եղվարդում, Առինջում, Ջրվեժում, Ձորաղբյուրում և Երևանին մոտ գտնվող այլ բնակավայրերում։
Այստեղ դեռ կարելի է գտնել տարբեր բնակելի համալիրներ և թաղամասեր՝ բնակարաններով, առանձնատներով ու թաունհաուսներով։
Ծրագրի պայմաններին համապատասխանող տարբերակները կարող եք տեսնել նորակառույցներ էջում։
Հայաստանի մյուս մարզերը
Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում սահմանափակումն ուժի մեջ կմտնի 2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի համար։
Այս մարզերում նոր բնակելի համալիրների կառուցումն առայժմ այնքան տարածված չէ, և առաջարկների զգալի մասը կազմում են թաունհաուսները։ Միևնույն ժամանակ, խոշոր քաղաքներում աստիճանաբար ավելանում են նաև նոր բնակելի համալիրները։
Ժամկետային այս սահմանափակումները չեն տարածվում ՀՀ կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի վրա։ Բնակավայրերի ցանկը կարող եք տեսնել այստեղ։
06Ո՞ր անշարժ գույքն է համապատասխանում ծրագրին և որտե՞ղ այն փնտրել
Եկամտային հարկի վերադարձի ծրագրից հնարավոր չէ օգտվել ցանկացած անշարժ գույք ձեռք բերելիս։
Ծրագրի պայմաններին կարող են համապատասխանել՝
- նորակառույց շենքերի բնակարանները, որոնք ձեռք են բերվում անմիջապես կառուցապատողից,
- անհատական բնակելի տները, թաունհաուսներն ու առանձնատները, որոնք ձեռք են բերվում կառուցապատողից,
- սեփական անհատական տան կառուցումը։
Կարևոր է նախապես ստուգել անշարժ գույքի իրավաբանական հասցեն և համոզվել, որ տվյալ նախագիծը համապատասխանում է ծրագրի պահանջներին։
Որտե՞ղ փնտրել ծրագրին համապատասխանող անշարժ գույք
Այստեղ կարող եք գտնել ծրագրի պայմաններին համապատասխանող բնակարաններ, առանձնատներ և թաունհաուսներ Հայաստանի տարբեր մարզերում։
07Որքա՞ն գումար կարելի է վերադարձնել
Վերադարձի առավելագույն չափը եռամսյակում կազմում է 750 000 դրամ։
Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում հնարավոր է վերադարձնել առավելագույնը՝
750 000 × 4 եռամսյակ = 3 000 000 դրամ։
Սակայն սա վերադարձի առավելագույն հնարավոր չափն է։ Փաստացի վերադարձվող գումարը կարող է ավելի քիչ լինել, քանի որ այն միաժամանակ սահմանափակվում է՝
- 1Ձեր վճարած եկամտային հարկի չափով,
- 2հիփոթեքային վարկի դիմաց վճարված տոկոսների չափով,
- 3եռամսյակային՝ 750 000 դրամ սահմանաչափով։
08Ինչպե՞ս է հաշվարկվում վերադարձի գումարը
Յուրաքանչյուր եռամսյակի համար համեմատվում են երեք գումար՝
- տվյալ եռամսյակում Ձեր աշխատավարձից վճարված եկամտային հարկի չափը,
- տվյալ եռամսյակում հիփոթեքային վարկի դիմաց վճարված տոկոսների չափը,
- եռամսյակային սահմանաչափը՝ 750 000 դրամ։
Վերադարձվում է այս երեք գումարներից ամենափոքրը։
Օրինակ՝ եթե մեկ եռամսյակի ընթացքում՝
- վճարված եկամտային հարկը կազմում է 300 000 դրամ,
- հիփոթեքային վարկի դիմաց վճարված տոկոսները՝ 450 000 դրամ,
- եռամսյակային սահմանաչափը՝ 750 000 դրամ,
ապա վերադարձի գումարը կկազմի 300 000 դրամ։
Ինչո՞ւ կարող է վերադարձի գումարը ժամանակի ընթացքում նվազել
Հիփոթեքային վարկի յուրաքանչյուր վճարում բաղկացած է երկու մասից՝ մայր գումարի մարումից և տոկոսներից։
Վարկի առաջին տարիներին ամսական վճարի ավելի մեծ մասն ուղղվում է տոկոսների մարմանը։ Վարկի մարմանը զուգահեռ տոկոսների մասնաբաժինն աստիճանաբար նվազում է։
Հետևաբար, ժամանակի ընթացքում կարող է նվազել նաև եկամտային հարկի վերադարձի չափը։
Դիտարկենք կոնկրետ բնակարանի գնման օրինակ
Հիփոթեքի պայմանները՝
- Բնակարանի արժեքը՝ 40 000 000 ֏
- Կանխավճար՝ 10%, կամ 4 000 000 ֏
- Հիփոթեքային վարկի գումարը՝ 36 000 000 ֏
- Տոկոսադրույքը՝ տարեկան 13%
- Ժամկետը՝ 20 տարի
- Ամսական վճարը՝ մոտ 422 000 ֏
Այժմ տեսնենք, թե այս դեպքում որքան եկամտային հարկ հնարավոր կլինի վերադարձնել։
Ենթադրենք՝ վարկառուի ամսական աշխատավարձը մինչև եկամտային հարկի պահումը կազմում է 1 000 000 դրամ, իսկ պահումից հետո՝ 800 000 դրամ։
Կարևոր է․ օրինակը պարզեցնելու համար հաշվի ենք առնում միայն 20% դրույքաչափով եկամտային հարկը։
Այս դեպքում յուրաքանչյուր ամիս աշխատավարձից վճարվում է՝
1 000 000 × 20% = 200 000 ֏ եկամտային հարկ։
Եռամսյակի ընթացքում վճարված եկամտային հարկը կկազմի՝ 200 000 × 3 = 600 000 ֏։
Այժմ դիտարկենք նույն ժամանակահատվածում հիփոթեքային վարկի դիմաց վճարվող տոկոսները։
Առաջին երեք ամիսների ընթացքում դրանց ընդհանուր գումարը կկազմի մոտ 1 169 000 դրամ։
Այսպիսով, առաջին եռամսյակի համար համեմատում ենք երեք գումար՝
- վճարված եկամտային հարկ՝ 600 000 ֏,
- հիփոթեքային վարկի դիմաց վճարված տոկոսներ՝ մոտ 1 169 000 ֏,
- եռամսյակային սահմանաչափ՝ 750 000 ֏։
Վերադարձվում է այս երեք գումարներից ամենափոքրը, հետևաբար մեր օրինակում եռամսյակային վերադարձը կկազմի 600 000 դրամ։
Երեք ամսվա ընթացքում վարկառուն բանկին կվճարի մոտ՝ 422 000 × 3 = 1 266 000 ֏, որից հետո կկարողանա ստանալ 600 000 ֏ եկամտային հարկի վերադարձ։
Այսպիսով, մոտ 422 000 դրամ ամսական վճարի դեպքում, եկամտային հարկի վերադարձը հաշվի առնելով, վարկառուի փաստացի ամսական ծախսը միջինում կկազմի մոտ 222 000 դրամ։
Մեր օրինակում վերադարձի չափը սահմանափակվում է վճարված եկամտային հարկի՝ 600 000 դրամ գումարով, քանի որ այն ավելի փոքր է և՛ վճարված տոկոսների գումարից, և՛ 750 000 դրամ եռամսյակային սահմանաչափից։
Ժամանակի ընթացքում ամսական վճարի մեջ տոկոսների մասնաբաժինը նվազում է։ Նշված պայմանների դեպքում մոտավորապես 16-րդ տարվանից եռամսյակում վճարվող տոկոսների գումարը դառնում է 600 000 դրամից պակաս, ինչի հետևանքով աստիճանաբար նվազում է նաև վերադարձի չափը։
Իմացե՛ք Ձեր եկամտային հարկի վերադարձի չափը
Բացել հաշվիչը09Ինչպե՞ս ստանալ վերադարձը՝ քայլ առ քայլ
Սկզբնական փուլում
Նախ անհրաժեշտ է Պետական եկամուտների կոմիտե ներկայացնել դիմում և համապատասխան փաստաթղթերը։
Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
- Հիփոթեքային վարկի պայմանագիր. Ձեր և բանկի միջև կնքված պայմանագրի նոտարական վավերացված պատճենը (կամ բնօրինակը), որը հաստատում է հիփոթեքային վարկի տրամադրումը։ Փաստաթուղթը կարող եք ստանալ վարկը տրամադրած բանկից։
- Անշարժ գույքի ձեռքբերման կամ կառուցապատման պայմանագիր. Փաստաթուղթը պետք է հաստատի, որ անշարժ գույքը ձեռք է բերվում անմիջապես կառուցապատողից, կամ որ իրականացվում է անհատական բնակելի տան կառուցում։
- Անշարժ գույքի գրանցման վկայական. Փաստաթուղթը հաստատում է անշարժ գույքի նկատմամբ Ձեր իրավունքի պետական գրանցումը և տրամադրվում է Կադաստրի կոմիտեի կողմից՝ գործարքի գրանցումից հետո։
- Հիփոթեքային վարկի մարման ժամանակացույց. Ժամանակացույցը կարող եք ստանալ վարկը տրամադրած բանկից։ Բացի այդ, անհրաժեշտ է ACRA-ի միջոցով ակտիվացնել վճարված տոկոսների վերաբերյալ տվյալների էլեկտրոնային փոխանցումը։
- Անձնագիր կամ հայկական ID քարտ։
- Վերադարձի իրավունքը հաստատելու դիմում. Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան դիմումի ձևը՝ եկամտային հարկի վերադարձի Ձեր իրավունքը հաստատելու համար։
Խորհուրդ է տրվում նաև գործատուից ճշտել՝ արդյոք Ձեր վճարած եկամտային հարկի վերաբերյալ տվյալները փոխանցվել են հարկային մարմնին։
Եթե բնակարանը ձեռք եք բերել կառուցվող բնակելի համալիրում, կարող է անհրաժեշտ լինել նաև շահագործման հանձնման ակտը, որը տրամադրում է կառուցապատողը։
Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ կլինի նաև հանրային ծառայությունների համարանիշը և ՀՎՀՀ-ն՝ առկայության դեպքում։
Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնել սահմանված կարգով։ ՊԵԿ սպասարկման բաժինների հասցեները կարող եք տեսնել այստեղ։
Փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո Պետական եկամուտների կոմիտեն որոշում է՝ հաստատել եկամտային հարկի վերադարձի իրավունքը, թե մերժել դիմումը։
Յուրաքանչյուր եռամսյակ
Ծրագրին մասնակցելու ձեր իրավունքը հաստատվելուց հետո անհրաժեշտ է ստուգել ձեր տվյալները և առցանց դիմումներ ներկայացնել Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալի միջոցով։
Պորտալից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել էլեկտրոնային ստորագրությամբ կամ անձամբ հաստատել գրանցումը մասնաճյուղում (անհրաժեշտ կլինի անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ)։
Յուրաքանչյուր եռամսյակ՝
- ստուգել՝ արդյոք գործատուն հարկային մարմիններին փոխանցել է նախորդ եռամսյակի համար վճարված եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը,
- ստուգել՝ արդյոք բանկը փոխանցել է նախորդ եռամսյակի ընթացքում վճարված հիփոթեքային տոկոսների վերաբերյալ տվյալները,
- առցանց դիմում ներկայացնել Անհատական հաշիվների պորտալում (եթե բոլոր տվյալները ճիշտ են)՝ «Եկամտային հարկի վերադարձի դիմումների գրանցամատյան» բաժնում։
Տվյալների փոփոխության դեպքում անհրաժեշտ է ինքնուրույն տեղեկացնել Պետական եկամուտների կոմիտեին ոչ ուշ, քան փոփոխությանը հաջորդող ամսվա 10-ը։
10Լրացուցիչ հարցեր
Կարո՞ղ եմ հիփոթեք վերցնել ընտանիքի անդամի հետ
Հիփոթեքային վարկը կարող է ձևակերպվել մեկից ավելի անձանց անունով՝ որպես վարկառու և համավարկառու։
Միևնույն ժամանակ, եռամսյակային 750 000 դրամ սահմանաչափը կիրառվում է վարկառուի և բոլոր համավարկառուների համար միասին։
Օրինակ՝ եթե հիփոթեքը ձևակերպում եք ամուսնու կամ կնոջ հետ, և Ձեզնից յուրաքանչյուրի ամսական եկամուտը կազմում է 1 000 000 դրամ, ապա տվյալ հիփոթեքային վարկի դեպքում վերադարձի առավելագույն չափը կկազմի 750 000 դրամ մեկ եռամսյակի համար։
Ծրագրից օգտվելու համար պարտադիր չէ հիփոթեքը ձևակերպել միայն Ձեր անունով։ Համավարկառու կարող է լինել նաև Ձեր մերձավոր ազգականը՝
- ամուսինը կամ կինը,
- ծնողը,
- երեխան,
- եղբայրը կամ քույրը։
Սա կարող է հատկապես օգտակար լինել, եթե Ձեր ազգականը նույնպես պաշտոնապես աշխատում է Հայաստանում և եկամտային հարկ է վճարում։
Ի՞նչ կլինի ծրագրի ավարտից հետո
Եթե մինչև տվյալ մարզի համար սահմանված սահմանափակումների ուժի մեջ մտնելը հիփոթեքով ձեռք բերեք ծրագրի պայմաններին համապատասխանող անշարժ գույք և ունենաք եկամտային հարկի վերադարձի իրավունք, հետագա վերադարձները կշարունակվեն՝ սահմանված պայմաններին համապատասխան։
Ի՞նչ կլինի, եթե աշխատանքից ազատվեմ
Եթե աշխատանքից ազատվեք և այլևս եկամտային հարկ չվճարեք, այդ ժամանակահատվածի համար վերադարձ չեք ստանա։ Հայաստանում կրկին պաշտոնապես աշխատանքի անցնելուց և եկամտային հարկ վճարելուց հետո կկարողանաք կրկին օգտվել վերադարձից՝ ծրագրի պայմաններին համապատասխանելու դեպքում։ Վերադարձի չափը կհաշվարկվի Ձեր վճարած եկամտային հարկի և հիփոթեքային վարկի տոկոսների հիման վրա։
Նման փոփոխությունների մասին անհրաժեշտ է ինքնուրույն տեղեկացնել Պետական եկամուտների կոմիտեին ոչ ուշ, քան փոփոխությանը հաջորդող ամսվա 10-ը։
Հնարավո՞ր է հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձը համատեղել ՏՏ մասնագետների համար նախատեսված վերադարձի հետ
Այո։ Մենք ստացել ենք Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական պատասխանը, համաձայն որի՝ եկամտային հարկի վերադարձի տարբեր մեխանիզմները կարող են կիրառվել միաժամանակ։ Սա նշանակում է, որ ՏՏ ոլորտի մասնագետները, որոնք արդեն օգտվում են եկամտային հարկի մի մասի վերադարձի համապատասխան ծրագրից, կարող են միաժամանակ օգտվել նաև հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի ծրագրից։
Երկու ծրագրերից միաժամանակ օգտվելու դեպքում կարող է առաջանալ իրավիճակ, երբ վերադարձվող ընդհանուր գումարը գերազանցի նույն ժամանակահատվածի համար փաստացի վճարված եկամտային հարկի գումարը։ Եթե ձեր հաշվարկներով ստացվում է նման իրավիճակ, խորհուրդ ենք տալիս լրացուցիչ պարզաբանում ստանալու համար դիմել Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցչին։
Կարո՞ղ եմ ծրագրի շրջանակում մի քանի հիփոթեքային վարկ վերցնել
Ոչ, եկամտային հարկի վերադարձից կարելի է օգտվել միայն մեկ հիփոթեքային վարկի շրջանակում։ Այս սահմանափակումը վերաբերում է ինչպես վարկառուին, այնպես էլ համավարկառուին։
Կարո՞ղ եմ ծրագրի շրջանակում կոմերցիոն տարածք ձեռք բերել
Ոչ, ծրագիրը նախատեսված է բնակելի անշարժ գույքի համար և չի տարածվում կոմերցիոն տարածքների վրա։
Մեր մեդիան Հայաստանի անշարժ գույքի մասին
Բնակելի համալիրների ակնարկներ, շուկայի նորություններ և հեղինակային հոդվածներ
Պաշտոնական աղբյուրներ՝
